Հայաստանում բանջարաբոստանային մշակաբույսերի սելեկցիայի և սերմնաբուծության սկիզբը դրվել է անվանի սելեկցիոներ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, գիտության վաստակավոր գործիչ Անահիտ Անանյանի կողմից, ում նախաձեռնությամբ 1949 թվականին հիմնվել է Սելեկցիոն սերմնաբուծական հանրապետական կայանը։ Նրա անմիջական ղեկավարությամբ կայանի սելեկցիոներների կողմից ստեղծվել են շուրջ նոր 15 սորտեր, որոնք զբաղեցրել են հանրապետության բանջարային մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունների մոտ 90 տոկոսը։
1981 թվականին Սելեկցիոն-սերմնաբուծական հանրապետական կայանին միացել է Գյուղատնտեսության նախարարության Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի Բանջարաբոստանային մշակաբույսերի տեխնոլոգիայի բաժինը։
Հիմք ընդունելով բանջարաբուծության բնագավառում կատարած ծանրակշիռ գիտական ուսումնասիրություններն ու ներդրումները՝ 1993 թվականին Բանջարաբոստանային մշակաբույսերի սելեկցիոն-սերմնաբուծական հանրապետական կայանը վերանվանվել է Բանջարաբոստանային մշակաբույսերի գիտահետազոտական ինստիտուտի, իսկ 1998 թվականին՝ վերակազմավորվել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի։ Հետագայում՝ 2004 թվականին Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը ստանում է պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ, իսկ 2019 թվականին դառնում է փակ բաժնետիրական ընկերություն։
© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: