ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնին» շնորհվել է դրամաշնորհ՝ Սվալբարդի գլոբալ սերմերի պահոցում մշակաբույսերի բազմազանության վերականգնման և անվտանգության կրկնօրինակման համար՝ «Կենսաբազմազանություն՝ հանուն հնարավորությունների, կենսապահովման և զարգացման» (BOLD) ծրագրի» շրջանակներում։
«Հայկական ծագման բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի նմուշների վերականգնում և բազմացում՝ Սվալբարդի գլոբալ սերմերի պահոցում անվտանգության նպատակով կրկնօրինակման համար» ծրագրի նպատակն է ապահովել հայկական ծագման արժեքավոր բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի նմուշների հուսալի պահպանումը հնարավոր կորստներից (ցածր ծլունակություն, սերմերի սահմանափակ քանակ, բնական աղետ, կոնֆլիկտ կամ անկանխատեսելի տեխնիկական անսարքություն): Ծրագրի շրջանակներում վերականգնվելու են ինչպես Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների միջազգային համաձայնագրի (ITPGRFA) Հավելված I-ում ներառված մշակաբույսերի տեսակների (սմբուկ, կաղամբ, լոբի, սիսեռ, մաշ) նմուշներ, այնպես էլ Հավելված 1-ում չընգրկված մշակաբույսերի (լոլիկ, պղպեղ, վարունգ, դդում, դդմիկ, սեխ, ձմերուկ, դդմակ, ռեհան, հազար, սոյա, ֆիզալիս) նմուշներ:
Վերականգնման/բազմացման աշխատանքները սկսվել են 2022 թվականի մարտին և իրականացվում են ինչպես բաց դաշտում, այնպես էլ փակ գրունտի պայմաններում՝ կախված մշակաբույսերի տեսակից և սորտից:
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2022-2023թթ.
© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: