Բանջարաբոստանային մշակաբույսերի սերմնաբուծության և հումքի վերամշակման բաժինը ղեկավարում է կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Մարտիրոսյանը։ Բաժնի գործունեության նպատակն է կազմակերպել բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի գիտականորեն հիմնավորված սերմնաբուծություն, արտադրել բարձրորակ և մեծ պահանջարկ ունեցող բանջարեղենի լավագույն տեղական շրջանացված սորտերի և հիբրիդների բարձր վերարտադրության՝ սուպերէլիտային և էլիտային սերմեր, որոնցից ստացված արտադրանքը իր բերքատվությամբ և որակական ցուցանիշներով մրցունակ կլինի արտերկրից ներկրված սորտերի նկատմամբ, ընդլայնել դրանց արտադրության ծավալները, որը կնպաստի հանրապետությունում մշակվող բանջարային մշակաբույսերի պահանջարկի բավարարմանը, արդյունավետության բարձրացմանը և հանրապետության պարենային անվտանգությանը։
Բաժնում իրականացվում են գիտական ուսումնասիրություններ՝ սերմի ելի և որակի վրա ազդող տարբեր գործոնների ազդեցության, ինչպես նաև մշակության նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։ Ներկված և տեղական սելեկցիայի սորտերին տրվում է նաև տեխնոլոգիական գնահատական, որը իրականացվում է Գոհար Աճեմյանի ղեկավարությամբ։ Ուսումնասիրվել և մշակվել են պոմիդորի, վարունգի, քաղցր և կծու տաքդեղի, դդումի, դդմակի, սեխի, բրոկկոլիի, կոլրաբիի, ծաղկակաղամբի, բամիայի սորտերից և հեռանկարային սորտանմուշներից պահածոների պատրաստման նոր բաղադրատոմսեր։ Արտադրված պահածոների փորձանմուշները գնահատվում են ըստ ապրանքային տեսքի, համային առանձնահատկությունների և կենսաքիմիական տվյալների։
© 2019-2024 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: